Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Սկսվե՜ց

Սկսվե՜ց
03.02.2009 | 00:00

Սկսվե՜ց
Երեկ մեկնարկեց Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը: Երեսփոխանների դասակը կազմ-պատրաստ ներկայացել էր «աշխատանքի»`«էրեխեն ասի` պապան գործի է գնացել» նշանաբանով: Նախորդ նստաշրջանի ոչ մի ավանդույթ չմոռացած (կողքինի կոճակի համար հոգի տալ, րոպե առաջ դահլիճից դուրս գալ հաջողեցնել)` ազգի ընտրյալները հերթական նիստի առաջին օրը «գլորեցին»: Ի դեպ, ԵԽԽՎ-ի հայտնի որոշումից հետո իշխանության մաս կազմող կուսակցությունների պատգամավորների դեմքին ու հոգուն հանգստություն էր տիրել` «էս անգամ էլ լավ պրծանք»: Պրծնելը` պրծնել, սակայն նույն ուղտն իշխանավորների դռանն է չոքելու երկու ամսից։ ՈՒ այն, ինչ ինն ամսում «ագուցում» էին, դժվար է պատկերացնել, թե այս կարճ ժամանակահատվածում ինչպես են «հանգուցալուծելու»: Երեկ ԱԺ-ում էին նաև առիթից առիթ նիստերի դահլիճ ոտք դնող պատգամավորները, այդ թվում` Սեդրակ Սարոյանը, ով իր գործընկերներից միակն էր տաք դահլիճում, որ վերարկուով էր։ Մարդ է, մրսում է, ի՞նչ խնդիր կա: Բայց արի ու տես, որ կա, այն էլ` առողջական: Երբ ցանկացանք մի քանի հարց ուղղել նրան, վերջինս դժկամությամբ հակադարձեց. «Ախպոր պես, թարգը տուր, հիվանդ եմ»: Փաստորեն նույնիսկ հիվանդությունը պատճառ չէր հանդիսացել, որ Սարոյանն «արհամարհեր» նստաշրջանի առաջին օրն ու իր ցավը տանը «անտրտունջ, հանգիստ տաներ»: Այսուամենայնիվ, պատգամավորների համար նստաշրջանի բացումը միշտ էլ «տոն» է, սակայն` նայած, թե ինչի:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիոգենեսի լապտերով
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը դեռևս թափուր է: Միևնույն ժամանակ աշխատանքից ազատվել էր նաև աշխատակազմի ղեկավարը, սակայն վերջինիս հարցում, ի տարբերություն առաջինի, տարբեր անհավանական անուններ չէին շրջանառվում: Ոմանք այս ընթացքում փորձեցին իրենք իրենց «կրուտիտ» անելով, «ոտքի տեղ» հարմարեցնել` ապարդյուն, եթե «շեֆն» ուզեր, վաղուց էր նշանակել: Պարզվում է, իրոք, Հովիկ Աբրահամյանի համար լուրջ մտահոգության խնդիր է` ո՞ւմ «տալ» այդ աթոռը: «Ազնիվ մարդու խնդիր կա», դժգոհել է Աբրահամյանը: Հարց է առաջանում` Աբրահամյանի ընկալած «ազնիվ» լինելու չափորոշիչների՞ մասին է խոսքը, թե՞ ընդհանրապես: Ամեն դեպքում, դեռ չի գտնվել այն «միակը», ով «ամենաազնիվն է ազնվագույններից», «ամենաաբրահամյանականը` աբրահամյանականներից»: Չկա ու չկա:
Ռ. Խ.

Փոխադարձ համաներմամբ սթափվենք պատրանքներից
«Մենք մեր պատվիրակներին չպետք է այսպիսի վիճակի մատնենք, որ նրանք գնան, համոզեն, խնդրեն, աղաչեն, որպեսզի հանկարծ պատժամիջոց չկիրառվի, իսկ հասարակության այլ ներկայացուցիչներ էլ գնան ու ներկայացնեն, թե ինչու է Հայաստանն արժանի այդ պատժամիջոցին: Միգուցե, մի կողմից սա բնականոն ժողովրդավարության արտահայտություն է, բայց մյուս կողմից էլ մեր համազգային ձախողման և տապալման մասին է խոսում: Անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը, նախագահները, կոալիցիոն ուժերն այսօր ևեթ սկսեն հրատապ երկխոսություն` օրակարգում ունենալով փոխադարձ համաներման խնդիրը: Պետք է դուրս գանք խրամատներից: Յուրաքանչյուրն արժանի է համաներման և յուրաքանչյուրը պատասխանատու է իր չափով: Թող ոչ մեկը չկարծի, որ ճշմարտության մենաշնորհն իրեն է պատկանում»,- երեկ ԱԺ-ում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ` միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանի առաջին և երրորդ նախագահներին կոչ է անում նախաձեռնել «ոչ թե մենախոսությունների անիմաստ, երկարատև շարան, այլ սկսել իրական երկխոսություն»։ Հավաստիացնելով, որ ԵԽԽՎ-ի այս նստաշրջանում «իր բացակայությունն անհրաժեշտ էր», «Ժառանգության» ներկայացուցիչը շեշտեց, որ ԵԽ գարնանային նստաշրջանում «Ժառանգությունը» ներկա կլինի: Ինչ վերաբերում է խմբակցության պատգամավորների կողմից մանդատները վայր դնելու հավանականությանը, Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ այդ հարցը կուսակցության խորհուրդը կորոշի փետրվարի 21-ին, բայց և, «ընդհանուր տրամադրվածությունից ելնելով, «Ժառանգությունը» կշարունակի մասնակցային քաղաքականության իր հավատամքը»:
Ռ. Խ.

Ծլում-ծաղկում են
Մեր տեղեկություններով` առաջիկայում ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունում փոփոխություններ տեղի կունենան։ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը դիվանագիտական աշխատանքի կանցնի Բրյուսելում, իսկ ԲՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան մտնելու համար «հերթի կանգնած» հաջորդ թեկնածուն կմտնի պառլամենտ։ Նա Գագիկ Աթաջանյանն է, սակայն մեզ հաջողվեց ճշտել, որ հանքարդյունաբերության ոլորտի «ներկայացուցիչ» այս թեկնածուն չի մտնի խորհրդարան։ Մյուս «հաջորդը» ոչ անհայտ Վաչագան Խուրշուդյանն է` մասնագիտությամբ շինարար, «Մոնումենտի» մայրուղու կառուցողը։ Բայց նա էլ չի մտնի պառլամենտ։ Այս երկուսը կհրաժարվեն բաղձալի մանդատներից, որպեսզի խորհրդարան մտնի ոչ այլ ոք, քան Ռուբեն Գևորգյանը, նույն ինքը` Ծաղիկ Ռուբոն։ Բայց եթե հանկարծ նա էլ հրաժարվի` «մանդատատեր» կդառնա ԲՀԿ երիտասարդական թևի ղեկավար Վահե Էնֆիաջյանը։ «Բարգավաճ Հայաստանին» մերձ աղբյուրների հավաստմամբ` կուսակցության հայր Գագիկ Ծառուկյանը հոգու խորքում ցանկանում է, որ հենց այս երիտասարդը խորհրդարանում փոխարինի Ադոնցին, բայց եթե Ռուբեն Գևորգյանն ինքը ցանկացավ տիրանալ Ավետի մանդատին, նրան այլընտրանք չկա։
Կ. ԴԱՎԹՅԱՆ

Օբամայի վարչակազմն ամենահայամետն է ԱՄՆ-ի պատմության մեջ
Այսպես է կարծում թուրքական «Հուրիեթ» թերթը, որը խիստ մտահոգությամբ մի ամբողջական հոդված է նվիրել այս թեմային։ Ըստ թուրքական թերթի, ԱՄՆ-ի նոր նախագահը, թերևս, պատահաբար չի խոստացել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ քայլի կողմնակիցներն են նաև փոխնախագահ Ժոզեֆ Բայդենը, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ներկայացուցիչների պալատի նախագահ, նույնպես դեմոկրատ Նենսի Փելոսին և նույնիսկ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Լեոն Պանետտան։ Այս ցուցակը, «Հուրիեթի» պնդմամբ, համալրվել է ևս մեկ կարևոր դեմքով. Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, մարդու իրավունքների և արտաքին քաղաքականության գծով հայտնի փորձագետ Սամանտա Փաուերը զբաղեցրել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի տնօրենի պաշտոնը, որը զբաղվում է նոր վարչակազմում բազմակողմ հարաբերությունների խնդիրներով։ Ըստ թերթի, Փաուերն այս կարգավիճակում ամենասերտ շփումների մեջ է լինելու պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ և պարբերաբար ուղեկցելու է վերջինիս պաշտոնական այցերի ժամանակ։
«Հուրիեթը» հավանական է համարում, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս տարվա ապրիլի 24-ի իր ելույթում կօգտագործի ցեղասպանություն բառը, ինչը չեն արել նրա բազմաթիվ նախորդները։ Կամ էլ Կոնգրես կմտնի ցեղասպանությանը վերաբերող նոր բանաձևի նախագիծ, և Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում կսկսվի նոր ճգնաժամային փուլ։
Անի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2194

Մեկնաբանություններ